1. Առջևդ ահա ծնկի եկած՝ Աղերսում եմ, ո՜վ Տեր Աստված, Արթնացրո՛ւ ինձ ու միտքս բա՛ց՝ Մեծությունը Քո հասկանամ: Ավելացրո՛ւ հավատքս, Տե՜ր, Որ իսկապես Քեզ հավատամ, Կասկածները ինձ չխաբեն, Որ տեսնեմ Քեզ` ինչպես որ կաս, Որ շուրթերով չպաշտեմ Քեզ, Ու հենց այնպես չասեմ. «Դու կաս», Որ Քեզ սիրեմ, Տերս, այնպես, Ինչպես սիրում ես, Տեր Դու մեզ: 2. Ողորմի՛ր ինձ, ո՜վ Տեր Հզոր, Պաշտամունքս Դու ես միայն, Աղաչում եմ գիշեր ու զօր, Որ ազատես կյանքից ունայն: Որ մտքերս չպղտորվեն, Չալեկոծվի սիրտս տկար, Որ տրտմության, թմրության մեջ Չլինեմ Քեզ անհնազանդ: Թող փրկության հզոր խոսքդ Հոգուս խորքում գցի արմատ Ու ծառ դառնա, բեռնավորվի Պտուղներով իր կենարար: 3. Մաքրի՛ր, սրբիր ու զարդարիր Անարգանքի անոթն այս իմ Աստվածային Քո ճոխությամբ, Քեզ արժանի վայելչությամբ: Ու երբ հանկարծ Դու հայտնվես՝ Քո գալստյան այն Մեծ Օրում, Չվախենամ ու չամաչեմ, Ուրախանամ որպես որդի: Ա՜խ, երանի գրկես Դու ինձ, Սեղմես կրծքիդ անարժանիս, Առնես գիրկդ, տանես հեռու՝ Ընդմիշտ Քեզ հետ հավերժություն: