Հոգնել էր հոգիս Այս մութ աշխարհի Լուռ անցուդարձից, Ինձ հաճախ տրվող Այն փափուկ բարձից` Հոգնել էր հոգիս։ Միշտ անպատասխան Մնացող հարցից, Եվ չկշտացող Իմ հոգու քաղցից` Հոգնել էր հոգիս։ Ինձ կեղծ ժպտացող Տխուր հայացքից, Ու սեր տարածող Անսեր մարդկանցից` Հոգնել էր հոգիս։ Անկեղծ թվացող Սուտ խոստումներից, Անվերջ լվացվող Կեղտոտ դեմքերից` Հոգնել էր հոգիս։ Գաղտնի հարվածող` Օգնող ձեռքերից, Կրակ առկայծող Մարած հրդեհից` Հոգնել էր հոգիս։ Սաստիկ ցավացնող Իմ խոր վերքերից, Հաճախ կրկնվող Այն նույն երգերից` Հոգնել էր հոգիս։ Երբ ինձ թվում էր Ոչ մի հույս չկա, Ես մեկին գտա, Ով փրկել էր ինձ, Փրկել էր հոգիս... Շնորհակալ եմ... Շնորհակալ եմ Քեզ` Տեր իմ երկնային։
Կիսատ չմնաց Շատերն ասում են, թե նա շուտ գնաց, Բայց ես լռում եմ ու գրում տողեր, Շատերն ասում են թե կիսատ մնաց Բայց դու ոչինչ էլ կիսատ չես թողել։ Քո մասին երբեք առանց արցունքի Չ´է, իմ գրիչը գրել չի կարող, Քո մասին առանց մեծ հիացմունքի Իմ լեզուն խոսել երբեք չի կարող։ Քո աղոթքները հասել են երկինք Ու օրհնություն են բերում ինձ վերից, Քո խրատները ինձ համար կյանքի Մեծ ճանապարհին դարձան ուղեկից։ Ու ես երբևէ լռել չեմ կարող Այն սիրո մասին քո անծայրածիր, Որ դու բարյացկամ քո օրինակով` Բոլորին սիրել սովորեցրեցիր։ Դու, որ նման էիր մի ուրախ մարդու Ներսումդ տարերք հոգս ու ցավերի, Դու և հասարակ, և յուրահատուկ, Դու ոչ միայն հայր` այլև ավելին։ Դու ամենամոտ իմ հարազատ ընկեր, Ո՜նց կուզեի տեսնել ու ասել. <<թանկ իմ>>, Ասելուց հետո քեզ ամուր գրկել, Որ չտանջեր ինձ կարոտն իմ ներսի։ Այս ամենի մեջ ինձ մխիթարող Միայն մի հույս ունեմ իմ սրտում, Ու միայն դա է այս աշխարհի մեջ Այս կյանքին թեթև նայել ինձ դրդում։ Եվ դրա համար չեմ սպասում քեզ Ու ինձ անիմաստ հույսեր չեմ տալիս, Բայց դու սպասում ես, քանզի լավ գիտես, Որ ես քո ճամփով քեզ մոտ եմ գալիս։